Բրինձ

2014-06-26

brincԳոյություն ունի բրնձի դասակարգման մի քանի եղանակ` կախված  բրնձի մշակման առանձնահատկություններից, հատիկի ձևից և նույնիսկ գնից:

 

Լավ բրինձը թանկ արժե և համարվում է նրբահամ կերակուր: Այն հաճախ  տեսակավորվում է  ըստ հատիկների երկարության  և կլորության: Հատիկի ձևերի և  հատկությունների  միջև  կա հստակ կապ. որքան հատիկները  կարճ  են ու սպիտակ, այնքան փափուկ  են  և շատ ջուր են  վերցնում: Եփվելիս փքվում են ու դառնում  սոսնձանման:

 

 Երկար հատիկներով բրինձը պինդ է, թափանցիկ, եփվելիս ավելի քիչ է աճում և խոշորանում է երկարությամբ: Երկարահատիկ բրինձը աճեցնում են`  Ասիայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում: Այն բարակ է, մոտ 6-8մմ երկարությամբ: Եփվելիս կլանում է չափավոր քանակությամբ ջուր: Օգտագործվում է ինչպես սպիտակ, այնպես էլ շագանակագույն /թույլ երանգով/  երկարահատիկ բրինձը:

 

 Միջին երկարության բրինձը  աճեցվում է Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Ավստալիայում: Հատիկը համեմատաբար կարճ է և լայն, պակաս թափանցիկ և պարունակում է ավելի շատ օսլա: Եփվելիս ավելի շատ ջուր է կլանում ու դառնում փափուկ, իսկ հատիկները փոքր ինչ կպչում են միմյանց: Տարբերվում է նաև  համեմունքների  համն ու հոտը  ներքաշելու  հատկությամբ: Հատիկները լինում են սպիտակ և շագանակագույն:

 

Կլոր  բրինձն աճում է Իտալիայում, Չինաստանում, Ճապոնիայում և Ռուսաստանի Դաշնությունում:  Հատիկը ունի  4-5մմ երկարություն, կլոր ձև. գրեթե թափանցիկ չի, պարունակում է մեծ քանակությամբ օսլա: Եփվելիս շատ ջուր է պահանջում` դառնալով կաթնագույն:

 

Սպիտակ, կլորավուն տեսակն ամենատարածվածն է: Այն օգտագործվում է շիլաների, աղանդների, պուդինգների, թխվածքների, ինչպես նաև սուշիների պատրաստման համար: 

 

Տիբեթյան սև բրինձը  պարունակում է կրկնակի շատ սպիտակուց, քան սովորական բրինձը: Հնում այս բրինձը ուտում էին միայն կայսրերը: Այժմ այն մշակվում է ոչ մեծ տարածությունների վրա, այդ պատճառով արտադրության ծավալները սահմանափակ են: Այս տեսակը նաև շատ օգտակար է առողջությանը: 

 

 

Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

 

Տպել