Արևելյան խուրմայի մշակությունը
2014-06-26
Երեսունական թվականներից աճում և պտղաբերում է Իջևանի շրջանում, իսկ հետագայում սկսել են մշակել նաև Նոյեմբերյանի, Թումանյանի, Շամշադինի և Զանգեզուրի գոտու շրջաններում, ներկայումս նաև Արագածոտնի մարզի նախալեռնային գոտու /Աշտարակի տարածաշրջան/ ցածրադիր համայնքներում, որտեղ նորմալ ոռոգման ու խնամքի պայմաններում ամեն տարի ապահովում է բարձր բերքատվություն:
Մեր հանրապետությունում աճող մերձարևադարձային կուլտուրաներից ամենացրտադիմացկունն է: Ուժեղ աճող, տերևաթափ ծառատեսակ է, բազմանում է սերմերով և աչքապատվաստով` կովկասյան խուրմայի սերմնաբույսերի վրա, ապրում է 60-70 տարի: Սերմերից աճեցրած ծառը ավելի դիմացկուն է, բայց բերքատվության է անցնում 5-6 տարուց հետո, պատվաստած ծառը` երկու երեք տարուց հետո, սակայն պատվաստի ժամանակ կեղևում եղած դաբաղանյութերը խանգարում են կպչողականությանը: Մասնագետները պատվաստը կատարում են շատ արագ, որի շնորհիվ ապահովում են բարձր կպչողականություն: Սաղարթը բրգաձև է կամ գնդաձև, մեկ տարեկան ճյուղերի հիմքից հաշված 3-6-րդ բողբոջներից առաջացած ընձյուղների վրա հիմնադրվում են ծաղկաբողբոջները, որոնք հաջորդ գարնանը ծաղկում և բերք են տալիս: Դրանից վերև գտնվող բողբոջներից գոյանում են աճող, չպտղաբերող շվերը: Արևելյան խուրման ձևավորում են 5-ճյուղանի կամ նոսրացած հարկային համակարգով: Բունը թողնում են 60-70սմ բարձրությամբ, դրանից վերև ստեղծում են 4-5 կմախքային ճյուղեր և մեկ ուղեկցող: Այնուհետև ձևավորում են մյուս պտղատու տեսակների նման: Պտղաբերող ծառերը էտում են ամեն տարի, ընդ որում նոսրացման կարգով հեռացնում են անցյալ տարվա պտղաբերած ճյուղերը, չորուկները և սաղարթը խտացնող ավելորդ ճյուղավորումները, թույլ կարճացնում են մեկ տարեկան ճյուղերը 6-րդ բողբոջից աճի նոր վերելք ստեղծելու և պտղաբերող ճյուղերի թիվը ավելացնելու համար:
Արևելյան խուրման ուշ է ծաղկում և գարնանային ցրտահարություններից չի տուժում, սակայն ամառային կիզիչ շոգն ու օդի չորությունը որոշ չափով բացասաբար են անդրադառնում: Պտուղները խոշոր են (100-400գ), կլորավուն կամ տափակ, հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին և պահվում են մինչև մարտ, պարունակում են 10-14% շաքարներ (չորացրած վիճակում 60% և ավելի), վիտամիններ, կարոտին, օրգանական թթուներ: Ըստ պտղամսի գույնի և տտիպության, կապված փոշոտման ու սերմերի քանակության հետ, սորտերը բաժանվում են երեք խմբի`
- Կայուն սորտեր, որոնց պտղամսի գույնը չի փոփոխվում փոշոտումից և տալիս են քաղցր ոչ տտիպ) պտուղներ: Այս խմբին են պատկանում Չինեբուլի և Փույու սորտեր:
- Կայուն սորտեր, որոնց պտղամիսը գույնը չի փոխում փոշոտումից, բայց տալիս են (տտիպ պտուղներ (Խաչիա սորտը):
- Փոփոխվող սորտեր: Առանց փոշոտման գոյացած պտուղները բաց դեղնավուն են և տտիպ, իսկ փոշոտումից առաջացածների պտղամիսը (եթե պարունակում են չորսից ոչ պակաս սերմեր) ունենում է մուգ գորշ գույն ու քաղցր է, նույնիսկ խակ վիճակում: Հանրապետությունում շրջանացված են արևելայն խուրմայի Զենջի Մարու, Խիակումե և Խաչիա սորտերը:
Խիակումե: Պտուղները 300-400գ. քաշով են, կլոր կամ կլորավուն տափակ ձևի, հյութալի, քաղցր, փոշոտվածները սերմերով մուգ շագանակագույն, փոշոտված պտուղների պտղամիսը տտիպ չէ, դաբաղանյութերը բացակայում են, մուգ նարնջագույն է, հատուկ մուգ դարչնագույն գծերով, հաճելի համով, թելավորություն չի զգացվում: Այսպիսի պտուղներն անվանում են «Կորոլյոկ»: Չփոշոտվածներն առանց սերմերի` բաց դեղնավուն, դոնդողանման, հյութալի, հալվող, քաղցր, լավ որակի, լրիվ հասունացման ժամանակ տտիպ չէ, կանաչ և չհասունացած վիճակում` խիստ տտիպ: Պտուղն այս վիճակում սերմեր չի պարունակում: Այս սորտը համեմատաբար ցրտադիմացկուն է, ծաղկում է հունիսին, փոշոտվելիս աննշան չափով թափվում են վարսանդները և պտուղները: Պտուղները հավաքում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին, փոխադրունակ են և պահունակ: Ծաղիկներն իգական են, արական ծաղիկներ չունի: Պտղի միջին քաշը 195գ է: Պտուղները խնձորանման են, կլորավուն, մասամբ` տափակ: Յուրաքանչյուր ծառի վրա, պտուղների ձևը տարբեր է, փոփոխական, կախված սերմերի քանակից և դասավորությունից, պտղի գագաթը կլոր է, սև կետով կամ շրջանագծերով, իսկ հիմքը փոս ընկած կամ համարյա հավասար:
Զենջի-մարու (շոկոլադնայա): Այս սորտը ներմուծված է Նիկիտսկի պետական բուսաբանական այգուց, տարածված է հանրապետության Հյուսիսարևելյան գոտում: Ծառը փոքր է, պտուղները 150գ քաշով, գնդաձև, քաղցր: Հանդիսանում է լավ փոշոտիչ Խիակումե և մյուս սորտերի համար: Ծառերը միջին մեծության են: Սաղարթը գնդաձև: Պտուղները մանր են` 50-55գ քաշով: Դրանց ձևը ավելի հաճախ կլորավուն է, հազվադեպ է քիչ երկարավուն-կլոր: Հասունացած պտուղների մաշկը բարակ է, կոպիտ, մուգ նարնջակարմիր, համատարած քիչ մոխրագույն մոմափառով: երհասունացած վիճակում տտիպ չեն: Այս տեսակը բավական ցրտադիմացկուն է, ծաղկում է հունիսին, ինքնափոշոտվող է: Պտուղները հասունանում են հոկտեմբերի 2-րդ կեսին և նոյեմբերի առաջին տասնօրյակում: Փոխադրունակ է: Սորտը համարվում է լավ փոշոտիչ մյուս սորտերի համար:
Փույու: Ծառը միջին աճեցողության է, խաչաձև փոշոտվող: Պտուղները 200 և ավելի գրամ քաշով, քաղցր ուտվում են նաև չհասունացած վիճակում:
Խաչիա: Ծառն ուժեղ աճող է, պտղաբերում է առանց փոշոտման: Պտուղները 300-400գ քաշով են, լրիվ հասունացման ժամանակ շատ քաղցր և արժեքավոր են հատկապես չորացման համար:
Չինեբուլի (պրևոսխոդնի): Ծառը ուժեղ աճող է, ունի կոմպակտ պսակ և պտղաբերում է առանց փոշոտման: Պտուղները 250 գրամ քաշով են, տափակավուն, պտղամիսը քաղցր է և օգտագործվում է լրիվ չհասունացած վիճակում: Տալիս է նաև բարձրորակ չիր:
Կովկասյան խուրմա: Հայաստանում տարածված է Ալավերդու, Իջևանի, Նոյեմբերյանի և Ղափանի շրջաններում, վայրիացած վիճակում: Ծառերը գեղեցիկ են, բրգաձև սաղարթով, ապրում են 100 տարի և ավելի աճը շատ ուժեղ է, հասնում է 25 մ բարձրության: Կեղևը մոխրագույն է, տերևները միջակ մեծության, օվալաձև-երկարավուն, երկտուն բույս է, երբեմն լինում է միատուն: Բազմանում է սերմերով: Խուրմայի պտուղները լինում են մանր, մինչև 2-2,5սմ տրամագծով: Պտղաբերում են ամեն տարի և տալիս են առատ բերք: Պտուղներն օվալագնդաձև կամ կլոր տափակավուն են, գույնը սկզբում կանաչ, իսկ հասունանալիս` դեղնանարնջագույն, բայց այդ վիճակում դեռևս ուտելու համար պիտանի չէ: Աշնանը պտուղները սկսում են փափկել, փոխելով իրենց գույնը, դառնում են կապտասև գույնի` արծաթագույն խավով պատած, ունի մեղրի համ: Պտուղները լայն չափով օգտագործվում են բնակչության կողմից:
Արևելյան խուրմայի (արքայախնձորի, արքայանարնջի, կորոլյոկի) մշակության և բազմացման մի քանի առանձնահատկություններ: Գոյություն ունեն արևելյան խուրմայի մշակության մի շարք առանձնահատկություններ, որոնց կիրառմամբ բարձրանում է բերքատվությունը, ավելանում է ծառերի երկարակեցությունը, ստացվում են որակյալ պտուղներ, ծառերը խույս են տալիս գարնանային ցրտահարությունից և, վերջապես, ապահովվում է խոշոր պտուղներով ամենամյա բերք: Արևելյան խուրման ժողովրդի կողմից ամենասիրված և գնահատվող պտղատեսակներից է, այն օգտագործվում է թարմ և չոր վիճակում, օգտակար է և պարունակում է մեծ քանակությամբ ջուր, շաքարներ` գյլուկոզայի և ֆրուկտոզայի ձևով, օրգանական թթուներ, վիտամին C, կարոտին, երկաթ, ֆոսֆոր, յոդ, տանին, տտպող նյութեր: րականության մեջ նշվում է «դիոսպիրոսե» անվանումը, որը լատիներենից թարգմանաբար կոչվում է աստվածների կերակուր: Նրա հայրենիքը Չինաստանն է: Արքայախնձորը լավ աճում է Մեղրու, Կապանի, Իջևանի, Թումանյանի տարածաշրջաններում, ինչպես նաև Ղարաբաղի ցածրադիր գյուղերում` ծովի մակերևույթից 400-700մ բարձրության վրա:
Տնկարանի կազմակերպումը: Աշնանը` նոյեմբեր ամսին, հավաքում ենք վայրի Կովկասյան կամ Վիրգենյան տեսակների սերմերը, 15-20 օր պահելուց հետո առանձնացնում ենք սերմերը պտղամսից, չորացնում և պահում մինչև հունվար ամիսը: Հունվարի երկրորդ կեսին սերմերը խառնում ենք մաքուր, լվացված ավազի հետ` 1:6 հարաբերությամբ, լցնում որևէ ամանի մեջ, որը պետք է ներքևի մասից անցքեր ունենա, թրջում և դնում ստրատիֆիկացիայի: Ավազախառը սերմերը պետք է միշտ խոնավ լինեն և պահվեն 10-150C-ում, նկուղում: Մեր պայմաններում մարտի սկզբին, նկուղում պահված սերմերը սկսում են ծլել: Ավազախառը զանգվածը զգուշորեն լվանում ենք հոսող ջրի տակ, որպեսզի ծիլերը չվնասվեն: Սերմերը պատրաստ են ցանքի համար: Ցանքը կատարում ենք արևոտ, նախապես պարարտացված, ավազակավային մեխանիկական կազմով հողերում: Կարևոր է ցանքի ժամանակ սերմերի խտության պահպանումը` շարքը շարքից 70-80 սմ և սերմը սերմից 2-2.5 սմ հեռավորության վրա: Հունիս ամսին կատարում ենք նոսրացում այն հաշվով, որպեսզի պահպանվի միջբույսային նորմալ հեռավորությունը: Հետագա գյուղատնտեսական աշխատանքները` քաղհան, փխրեցում, ոռոգում, սնուցում, կատարում ենք ըստ պահանջի`1գծմ-ից կարելի է ստանալ 20-25 ստանդարտ տնկի: Կարելի է կատարել նաև շախմատաձև, խտացված ցանք` նույն տարածքից ավելի շատ տնկի ստանալու համար: Ցանքը կարելի է կատարել նաև սերմերը առանց ստրատիֆիկացիայի դնելու` նոյեմբերի սկզբին և լավ ոռոգել: Տնկարանի հետ կապված հետագա աշխատանքները` պատվաստում, պատվաստի թուլացում, վայրակների հեռացում և այլն կատարում ենք հաջորդ տարի: Կապված գարնան զարթոնքի հետ, երբ դեռ բողբոջները քնած են, մայր դաշտի առողջ ծառերից կտրում ենք անհրաժեշտ քանակի կտրոններ: Կտրոնները պետք Է լինեն միջին հաստության (ծայրամասից և հիմքից կտրոններ չենք վերցնում): Պատվաստի համար վերցրած կտրոնները կապում ենք խրձիկներով (յուրաքանչյուրում 30-40հատ) և ձիգ փաթաթում փայլաթիթեղով այնպես, որ բացտեղ չլինի ու դնում ենք սառնարանի ներքևի մասում: Պատվաստի աշխատանքները սկսելուց 2-3 ժամ առաջ սառնարանից հանում ենք խրձիկները, վերցնում անհարաժեշտ քանակով կտրոններ, հիմքի մասից հեռացնում ենք 2-3սմ և հիմքի մասով դնում ջրով լցված ամանի մեջ այնպես, որ 3-4սմ լինի ջրի մեջ: Ջրի մեջ 1-1,5 ժամ պահելուց հետո սկսում ենք պատվաստի գործողությունը: Օգտագործում ենք միայն առողջ աչքեր: Պատվաստակալի հյութաշարժությունը պետք Է սկսված լինի, որպեսզի կեղևը ազատ բացվի: Բարձր կպչողականություն ապահովելու համար պետք Է վերցնել հաստ կտրոնից (պատվաստացուից) և հակառակը: Հետագա աշխատանքները տնկարանում նույնն են, ինչպես մյուս ծառատեսակների համար: Արևելյան խուրմայի տնկիների բազմացման գործում մեծ ներդրում ունեն մեղրեցիներ, գյուղատնտեսներ Յուրիկ Առաքելյանը, Ավետիք Արիստակեսյանը, Գևորգ Մարգարյանը, մանկավարժ Արտաշես Ասլանյանը և շատ ուրիշներ, որոնց տնկարաններոմ աճեցված տասնյակ հազարավոր տնկիներ արդեն բերք են տալիս Ղարաբաղում, Կապանում, Իջևանում և այլ վայրերում: Հիշյալ մարդկանց սերունդները և հարազատները այժմ էլ զբաղվում են տնկարանային տնտեսությամբ: Մեղրու տարածաշրջանում այժմ մշակվում են արևելյան խուրմայի 6 տեսակ, որոնցից են Խիակումեն (կարալյոկ), Ջենջի-մարուն, Խաչիան: Ամենամեծ մենածառերն արդեն 50–55 տարեկան են, նրանցից յուրաքանչյուրը կարող է 400-600կգ բերք տալ, եթե պահպանվի խնամքի ագրոտեխնիկան: Արևելյան խուրման պետք է պարարտացնել ազոտական, կալիումական, ֆոսֆորական և օրգանական պարարտանյութերով (գոմաղբ, կոմպոստ, կենսահումուս, կենսապարարտանյութեր): Խիստ կարևոր է ուշ աշնանային ոռոգումը բերքահավաքից հետո: Բերքատվության համար կարևոր է նաև միջշարային և միջբուսային հեռավորության պահպանումը` Մեղրու պայմաններում նպատակահարմար է շարքը շարքից 8մ և ծառը ծառից 6մ հեռավորությունը: Մեղրեցին միջշարքային տարածությունն օգտագործում է բանջարեղենի մշակության համար, իսկ միջծառային տարածություններում տնկում են նռնենի և դեղձենի, որոնք 5-6 տարի բերք են տալիս` չխանգարելով արքայախնձորի աճին: Մեղրու բնակլիմայական պայմանները բարենպաստ են արևելյան խուրմայի համային հատկանիշների ձևավորման համար, այն շատ քաղցր է: Մեղրու բերքը տեղափոխման համար հարմար է, պահպանում է իր գեղեցիկ տեսքը նաև սառնարանային պայմաններում: Բերքահավաքը կատարում ենք ընտրովի, պտուղները կարող են մեծանալ միչև 250-300գ:
Արևելյան խուրմայի հիվանդություններն ու վնասատուները, պայքարը նրանց դեմ
Մեղրիի կեղծ վահանակիր: Ուժեղ վարակվածության դեպքում մեկը մյուսին խիստ սեղմված էգերի գաղութները լայն շերտով ծածկում են ծառերի ճյուղերը և նրանց չորացման պատճառ դառնում: Մարտի վերջին, ապրիլի սկզբին, թրթուրները դուրս են գալիս ծածկույթից և մաշկափոխվում: Արուները թռչում են ապրիլի վերջին, մայիսի սկզբին, այդ ժամանակ էլ տեղի է ունենում բեղմնավորություն և ձվադրություն: Հունիսի կեսին դուրս եկած թրթուրները տարածվում են ճյուղերի և շվերի վրա: Տարեկան տալիս է մեկ սերունդ:
Պայքարի միջոցառումներ: Հաշվի առնելով նրանց բաց կյանքի անցնելու ժամանակահատվածը` նպատակահարմար է քիմիական պայքարի աշխատանքները կատարել հունիսի 2-րդ տասնօրյակում` հետևյալ պրեպարատներից որևէ մեկով.
* БИ-58 Նոր 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ) կամ
* Դեցիս 0.5 լ/հա (10 լ ջրում 5-8 մլ) կամ
* Դուրսբան 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ):
Արևմտյան տարազույգ կեղևակեր: 2-3 մմ երկարության վնասատուներ են, տարածված են ամենուրեք, վնասում են ինչպես մշակովի, այնպես էլ անտառային ծառատեսակները: Կենսակերպը ուսումնասիրված չէ: Տալիս է մեկ սերունդ:
Պայքարի միջոցառումներ`
* БИ-58 Նոր 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ)
* Դուրսբան 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ):
Շերտավոր պտղացեց: Թրթուները վնասում են դալար շիվերը, կրծելով մտնում են նրանց մեջ և փչացնում: Վնասում են նաև պտուղները` սնվելով նրանց մեջ: Տալիս է 3 սերունդ:
Պայքարի աշխատանքները: Առաջին սրսկումը կատարել մայիսի 2-րդ տասնօրյակում, 2-րդ` հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին. Սումիցիդին 1 լ/հա (10 լ ջրում 10 մլ) կամ Տալստար 0.6 լ/հա (10 լ ջրում 6 մլ):
Մոխրագույն փտում: Մասսայական զարգացումը և տարածումը նկատվում է ամառվա երկրորդ կեսերից, բարձր ջերմաստիճանի և խոնավության առկայության պայմաններում: Առաջին հերթին վարակվում են այն պտուղները, որոնք վնասված են լինում մեխանիկական եղանակով կամ վնասատուների կողմից: Վարակված պտուղները սկզբում ունեն մոխրագույն երանգավորում, հետագայում պտուղները ձեռք են բերում սպիտակ գունավորում: Վարակված պտուղների մեծամասնությունը թափվում են, իսկ ծառերի վրայի պտուղները չորանում և ձեռք են բերում մուգ կապույտ` սևին խփող երանգավորում:
Պայքարի աշխատանքներ: Հեռացնել և ոչնչացնել թափված և ծառերի վրայի չորացած պտուղները: Ժամանակին կատարել վնասատուների դեմ պայքարի աշխատանքներ: Աշնանը կամ վաղ գարնանը ծառերը սրսկել բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով: Վեգետացիայի ընթացքում, ծաղկումից հետո 2 անգամ 15 օր ընդմիջումով սրսկել տոպսին պրեպարատի 0.2% լուծույթով (10 լիտր ջրին 20գ):
Ճյուղերի չորացում կամ ցիտոսպորոզ: Տարածված է ամենուրեք, վարակվում են հիմնականում թույլ աճ ունեցող ծառերը: Հիվանդությունն առաջացնում է որոշակի ճյուղերի կեղևի չորացում, որի հետևանքով կարող է չորանալ նաև ամբողջությամբ բույսը: Վարակի հետևանքով ծառերի կեղևը ձեռք է բերում կարմրամոխրագույն երանգ: Կեղևը բնափայտից անջատվում է և դառնում լպրծուն:
Պայքարի աշխատանքներ:Աշնանը կամ վաղ գարնանը կատարել ծառերի սրսկումներ 3% բորդոյան հեղուկով կամ 5% երկաթարջասպի լուծույթով: Վեգետացիայի ընթացքում 4 անգամ սրսկել սկորի 0.02% (10 լ ջրին 2 մլ) կամ կուպրոքսատի 0.6% (10 լ ջրին 60-70գ) կամ զատոյի 0.02% (10 լ ջրին 2-3գ) պրեպարատներից որևէ մեկով:
Տերևների սև բծավորություն: Ի հայտ է գալիս ամառվա երկրորդ կեսերից: Վարակվում են տերևները առաջացնելով սև բծավորություն, տերևները չորանում և թափվում են:
Պայքարի աշխատանքներ:Բների շրջակայքի փոր, սպիտակեցում, թափված տերևների և պտուղների հեռացում ու ոչնչացում: Աշնանը և վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում 2 անգամ սրսկել տոպազի 0.05% (10 լ ջրին 5 մլ) և սկորի 0.02% (10 լ ջրին 2 մլ) խառնուրդը կամ 3 անգամ օքսիխոմի 0.2% (10 լ ջրին 20գ) լուծույթը :
Բոտրիտիս: Առաջացնում է պտուղների նեխում և զանգվածային պտղաթափ: Վարակի աղբյուր են հանդիսանում ծառերի վրա մնացած պտղաբաժակները և վարակված պտուղները: Հիվանդության համար նպաստավոր է բարձր խոնավությունը: Արտաքին նշաններն են պտղաբաժակի և պտուղների միացման տեղում հյուսվածքների շագանակագույն երանգավորումը, որը հետագայում տերևների, ընձյուղների և պտուղների վրա առաջացնում է մուգ բծավորություն: Վերջինիս հետևանքով պտուղների փայլն անհետանում է և պտուղները խամրած տեսք են ստանում:
Պայքարի աշխատանքներ: Հեռացնել վարակված տերևները և պտուղները: Աշնանը կամ վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում կիրառել ռիդոմիլ Գոլդի 0.25% լուծույթ (10 լ ջրի մեջ 20-25գ) կամ կուպրոքսատի 0.5% (10 լ ջրի մեջ 50-60գ) լուծույթներից որևէ մեկը` 2 անգամ 15-20 օր ընդմիջումով:
Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ