Անփուշ մորենի

2014-06-26

Untitled

Մոշենին վադազգիների ընտանիքի Rubus ցեղի Eubetus ենթացեղի բույս է: Բազմամյա արմատային համակարգով, երկամյա և միամյա վերերկրյա մասերով չորադիմացկուն կիսաթուփ է: Ծաղիկները երկսեռ են` սպիտակ, հազվագյուտ` նաև վարդագույն: Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, տերևները բարդ` 3-ից 5 տերևիկներով, պտուղը հյութալի հատապտուղ է, հիմնականում սև գույնի, երբեմն կարմիր կամ դեղին: Պտուղները պարունակում են շաքարներ, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, ինչպես նաև վիտամին C, կարոտին, հանքային աղեր K, Cu, Mn և այլ միկրոէլեմենտներ: Պտուղները օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված ձևով /մուրաբա, գինի, հյութ, կոմպոտ, օշարակ/ չորացրածները քրտնաբեր միջոց են:

 

Մոշենին բազմանում է փայտացած և կանաչ մացառներով, կտրոններով: Հայաստանում մոշենին հիմնականում աճում է հյուսիս-արևելյան շրջաններում, Զանգեզուրում, Մեղրիում, բայց տարածված է նաև հարթավայրային և նախալեռնային գոտիներում` թփուտների ձևով անտառների և ճանապարհների եզրերին, գետաբերաններում, իսկ բնակավայրերում` հողակտորների եզրերին` ցանկապատի ձևով: Հզոր բույսեր են, մինչև 4մ բարձրությամբ: Փշոտ լինելու հետևանքով դժվար է մշակվում: Վայրի վիճակում հա-ի հաշվով վերցրած տարածքից ստացվում է 50-70ց բերք: Մոշենին մինչև վերջերս գրեթե չուներ կուլուրական սորտեր, բացի վայրի և կիսավայրի տեսակներից, տարածված են Թախտաջյանի և Զանգեզուրի մոշենիները: Առաջինը տարածված է միայն Հայաստանում, երկրորդը` հազվագյուտ տեսակ է և տարածված է Զանգեզուրում: Վերջին ժամանակներս ներմուծվել է մոշենու կուլտուրական, այն է առանց փշի բարձր բերքատու սորտ: Ուրեմն, հաշվի առնելով մոշենու կարևորությունը որպես արժեքավոր և պահանջարկ ունեցող հատապտուղ, անհրաժեշտ է ունենալ առանց փշերի բարձր բերքատվությամբ մոշենու սորտերով հիմնված մայրուտներ` դրանց բազմացման և այգետարածքները ընդլայնելու նպատակով:

 

Մայրուտի հիմնման համար ընտրված հողը պետք է լինի թեթև ավազակավային և ցանկալի  է, որ այն մեկ հա–ի հաշվով պարարտացվի 80տ օրգանական պարարտանյութերով: Հողը պետք է հիմնաշրջել, մաքրել մոլախոտերից: Մայրուտի համար օգտագործվող տնկանյութը պետք է լինի որակյալ և զերծ վնասատուներից: Մայրուտի հիմնումը կատարվում է 1×0,75մ տնկման սխեմայով` աշնանը կամ վաղ գարնանը: Վեգետացիայի ընթացքում ցանկալի է հողը պարարտացնել ազոտական և ֆոսֆորական պարարտանյութերով, բույսերը պահել մշտապես առողջ վիճակում, իսկ ոռոգումը կատարել ըստ պահանջի: Գոյություն ուոնեն մոշենու բազմացման մի շարք եղանակներ, ինչպես մայր բույսից չանջատված մասերով` անդալիսներով, արմատային ընձյուղներով, այնպես էլ մայր բույսից անջատված, կանաչ կամ փայտացած կտրոններով: Առավել արդյունավետ է փայտացած կտրոններով բազմացումը: Կանաչ կտրոններով բազմացումը տարածված եղանակ է և շատ դեպքերում բազմացման ժամանակ օգտագործվում են մայրուտներից մթերված կանաչ կտրոնները: Կտրոնը կտրվում է 8-10սմ երկարությամբ, վրան թողնելով երեք ոչ շատ մեծ մակերես ունեցող տերևներ: Այնուհետև կտրոնները կապվում են 25-30-ական խրձիկներով և մշակվում աճի խթանիչներով: Որպես աճի խթանիչ օգտագործվում է հետերոաուքսինը կամ ինդոլիլյուղաթթուն: Որպես հողախառնուրդ` օգտագործվում տորֆի և հրաբխային խարամի խառնուրդը: Կարելի է հողախառնուրդը լցնել ինչպես թաղարների, այնպես էլ մեծ արկղերի մեջ, որոնք, սակայն, պետք է ունենան անցքեր` ավելորդ ջուրը հեռացնելու համար: Նախօրոք մշակված կտրոնները խնամքով տնկվում են թաղարներում մեկ կտրոնի համար նախատեսելով 3-4սմ քառակուսի սնման մակերես: Այնուհետև առաջորեն ջրվում և տեղափոխվում են պոլիէթիլենային թաղանթով պատրաստված հատուկ խցիկների մեջ, որտեղ օդի խոնավությունը /հարաբերական/ արհեստական մառախուղային համակարգի միջոցով 85% է, իսկ ջերմաստիճանը 25-280C: Տնկումից 17-25 օր հետո կտրոնների հիմքում արդեն նկատվում է կալյուսագոյացում, իսկ 25-30 օրվա ընթացքում` արմատագոյացում: Այնուհետև թաղարները տեղափոխվում են բաց տարածք, որը պետք է պաշտպանված լինի արևի ուղղաձիգ ճառագայթներից, մշտապես պահպանվելով խոնավ վիճակում: Մեկ շաբաթ հետո արդեն արմատակալած կտրոնների հետագա աճեցումը կարելի է կազմակերպել ինչպես թաղարերում, այնպս էլ` հողակտորներում: Կտրոնները տնկվում են շարքերով` բույսը բույսից 15սմ, իսկ շարքը շարքից 60-80սմ հեռավորությամբ սխեմայով: Հողակտորը անհրաժեշտ է մշտապես պահել փուխր ու մոլախոտերից զերծ վիճակում: Ցանկալի է տնկված արմատակալների թմբերը ծածկել գոմաղբով կամ ծղոտով, որը կարևոր է մոլախոտերի դեմ պայքարի և խոնավության պահպանման համար: Այնուհետև կատարվում է բուժում վնասատուների և հիվանդությունների դեմ: Շատ կարևոր է արտադրել հնարավորինս առողջ տնկանյութ` զերծ վարակներից և վնասատուներից, քանի որ արտադրական այգիների արդյունավետությունը մեծապես կախված է տնկանյութի որակից: Բացի դա, մեր հանրապետությունում վերամշակվող ձեռնարկությունների պահանջարկը օրգանիկ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր հումքի նկատմամբ օրեցօր մեծանում է, ուստի ինչքան որակյալ և առողջ տնկանյութով հիմնվեն արտադրական և տնամեձ այգիները, այնքան հեշտ կլինի այգիների մշակման ընթացքում խուսափել քիմիական պայքարի միջոցներից և արտադրել բացառապես մաքուր արտադրանք:

 

Այսօր այգեգործը հատապտուղների թփուտների հիմնման համար օգտվում է իր սեփական բազմացման միջոցներից, քանի որ գրեթե չկան հատապտուղների մասնագիտացված տնկարաններ, որտեղ արտադրվեն և առաջարկվեն բարձր բերքատու, անփուշ մոշենու, առողջ և որակյալ արմատակալներ, մինչդեռ, այգեգործութայն զարգացմանը զուգընթաց, օրցօր աճում է տնկանյութի պահանջարկը: Հարկ է նշել, որ ինչպես հյուսիս-արևելյանն և Զանգեզուրի, այնպես էլ մեր մարզի բնակլիմայական պայմանները լիովին բավարարում են մոշենու մշակության համար, որն այսօր արդեն մեր գյուղատնտեսության ամենաեկամտաբեր մշակաբույսերի թվին է պատկանում:

 

 

Աղբյուրը՝  «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

Տպել