Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր

2014-05-08

DSC_2362Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզպետարանների գյուղվարչության պետերն ու ԳԱՄԿ-երի տնօրենները, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտների լավագույն մասնագետներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաների հետ քննարկել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու և համակարգված գործողություններ իրականացնելու հարցեր։

 

Նշվել է, որ հաշվի առնելով աննպաստ եղանակային պայմաններն ու ջրամբարներում կուտակված ջրի աննախադեպ նվազ պաշարները, ինչպես նաև ոչ պակաս անհանգստացնող օդերևութաբանական կանխատեսումները, Սևանա լճից լրացուցիչ ջրառ սահմանելը Արարատյան հարթավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրին լուծում տալու միակ այլընտրանքն է։

 

Նման իրավիճակը պահանջում է նաև միջգերատեսչական համակարգված գործողություններ, որի համար որոշվել է՝

 

• վերանայել ջրտուքի նորմաները,

• սահմանել մշակաբույսերի ոռոգման առաջնահերթությունները,

• սահմանել ոռոգման նոր կարգ,

• կազմակերպել մշակաբույսերի գիշերային ոռոգում,

• ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերահսկողության համար Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ընդգրկելով նրա կազմում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի և մարզպետարանների ներկայացուցիչներին։ Պահանջել աշխատանքային խմբերից ամենօրյա գործնական աշխատանք` առկա խնդիրներին ժամանակին լուծում տալու համար:

• Վիճակի լրջության ու նոր պայմաններում սպասվող սահմանափակումների մասին օպերատիվ կարգով տեղեկացնել բոլոր ջրօգտագործողներին։

• Մշակել մեթոդական ցուցումներ և խորհրդատվական թերթիկների տեսքով տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

 

Ամփոփելով քննարկումը, նախարար Սերգո Կարապետյանը նշեց. «Ինչքան էլ դժվար է տարին, ինչքան էլ ստիպված համազգային խնդիրների համար կրկին դիմում ենք Սևանին, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեր համակարգված աշխատանքը դրական արդյունք է տալու, և մենք անպայման կարողանալու ենք ապահովել ընթացիկ տարում մեր առջև դրված խնդիրների իրականացումը»:

 

 

Տպել