Հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ
2014-05-16
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ռուսասատանի Դաշնությունում Կանադայի դեսպանության գյուղատնտեսության և պարենի հարցերով խորհրդական Ջենիֆեր Ֆելոուզին և «Կանադական արտահանումների զարգացման կորպորացիայի» (EDC) Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում գլխավոր ներկայացուցիչ Ջոն Պլեյսին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ,հյուրերը նշել են, որ առաջին անգամ են Հայաստանում և հետաքրքված են Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու հեռանկարով: Ներկայացնելով իրենց կառույցը և նշելով,որ՝ ԱՊՀ-ի մի քանի երկրներում արդեն հաջողությամբ գործում են կանադական մի շարք ընկերություններ, պարոն Պլեյսը ապագայի համար չի բացառել վերջիններիս գործունեությունը նաև Հայաստանում: Նա նշել է նաև, որ բացի արտահանումներին ուղղված ծրագրերից, EDC-ն ապահովագրական և բանկային ծառայություններ է մատուցում նաև կանադական մասնակցությամբ ընկերություններին:
Նախարար Սերգո Կարապետյանը, հակիրճ ներկայացնելով հանրապետության գյուղատնտեսության վիճակը, նշել է, որ այն արդեն զարգացման նոր փուլ է մտել և այժմ կարևոր է աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակումն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում: Այդ առումով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարը նա օգտակար և իրատեսական է գնահատել:
«Մեզ մոտ նպաստավոր պայմաններ են ստեղծվել գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարողների համար: Այդ նպատակով հրավիրում ենք նաև կանադացի ներդրողներին` տեղում պայմաններին ծանոթանալու և մեր գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու »- ասել է նա :
Կողմերը համակարծիք էին, որ ՀՀ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում զգալիորեն կմեծանա այլ պետությունների, այդ թվում նաև Կանադայի, ներդրողների ակտիվությունը Հայաստանում:
Համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու նպատակով, նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը: