ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իտալիայի Ումբրիա նահանգի առևտրային գործակալության պատվիրակությանը

2014-03-26

IMG_9834ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իտալիայի Ումբրիա նահանգի առևտրային գործակալության պատվիրակությանը` գործակալության գործադիր տնօրեն Մասսիմիլիանո Տրեմիտերրայի գլխավորությամբ:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Տրեմիտերրան ներկայացրել է գործակալության գործունեությունը: Նշելով, որ այն Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (EEN) անդամ է, առևտրային կազմակերպություններին և արդյունաբերական ձեռնարկություններին տրամադրում է բիզնես խորհրդատվություն և տեղեկատվություն արտաքին շուկաների վերաբերյալ, տարբեր երկրներում իրականացնում է տարածաշրջանային զարգացման ծրագրեր ,նա ասել է, որ այցի նպատակը Հայաստանի Հանրապետության ագրովերամշակման, հատկապես կաթնարդյունաբերության բնագավառին ծանոթանալն է և երկկողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը:

 

Ողջունելով հյուրերին, նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ կաթի արտադրության և վերամշակման բնագավառը Հայաստանի գյուղատնտեսության առաջնային ուղղություններից է և ունի զարգացման մեծ ներուժ; <<Այն զարգացնելով` հնարավոր կլինի արտադրել բարձր որակի կաթնամթերք, մասնավորապես պանրատեսակներ, ավելացնել գյուղական ազգաբնակչության եկամուտները>>,_ասել է նախարարը, վերջինիս համար կարևորելով գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

 

Հայաստանի և Իտալիայի Ումբրիա նահանգի աշխարհագրական և բնակլիմայական պայմանների նմանությունների համեմատականով ,պարոն Տրեմիտերրան իրատեսական է համարել ապագա համագործակցության հնարավորությունը,հավելելով նաև այն հանգամանքը, որ գործակալությունը հնարավորություն ունի համակարգելու արտադրություն, կրթություն, հետազոտություն և հավաստագրում շղթան ,և պատրաստ է այդ ոլորտի իր գիտելիքներն ու փորձը փոխանցել հայկական կողմին:

 

Առաջիկա օրերին, համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու համար, պատվիրակությունն այցելելու է կաթի վերամշակման ձեռնարկություններ:

 

Տպել