ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

2014-03-18

19.03.2014Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Տեղի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը, ամոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը: Նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անհանգստացնող այն իրողության վրա, որ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշն ամենացածրն է հանրապետությունում: «Եթե հանրապետությունում օգտագործվում է վարելահողերի 72 տոկոսից ավելին, ապա Վայոց ձորի մարզում նույնքան է չօգտագործվող վարելահողերի տոկոսը: Անհրաժեշտ է լրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշի բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին:Մանավանդ, որ առջևում գարնանացանն է, և ներկայումս ընթանում են հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուների և պարարտանյութերի բաշխման աշխատանքները»,- հանձնարարել է նա :

 

Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացված մթերումների խնդրին,նախարարը նշել է, որ անցյալ տարի, հիմնականում պայմանագրային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ՝ դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում: Սակայն, այդ ոլորտում դեռևս թերություններ կան, որոնց լուծման ճանապարհներից մեկը նախարարը մարզում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է համարել: Հատկապես կարևորվել է խաղողագործական կոոպերատիվի ստեղծումն Աղավնաձոր համայնքում: « Առաջիկայում մարզպետի հետ մենք անդրադառնալու ենք այդ խնդրին»,- ասել է Սերգո Կարապետյանը:

 

Անդրադարձ է եղել նաև պետական միջոցներով մարզում կառուցված սպանդանոցի կարևորությանը, որը շահագործման կհանձնվի առաջիկայում:

 

Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Ռինդ ևՎերնաշեն համայնքների այգեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է «ԱՐԻՏ» այծաբուծական տնտեսություն, եղել «ԳՈԼԴԵՆ ԳՈՈՒԹ» կաթի վերամշակման գործարանում, ծանոթացել արտադրությանն ու զրուցել աշխատակիցների հետ:

 

 

Տպել