ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցն Արագածոտնի մարզ
2014-02-28
Աշխատանքային այցն Արագածոտնի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա 2013 թվականը հանրապետության և վերջինիս համատեքստում Արագածոտնի մարզի գյուղատնտեսության համար հազվադեպ արդյունավետներից է համարել, անդրադարձել պետական օժանդակման այն ծրագրերին, որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:
Խոսելով ընթացիկ տարվա խնդիրների մասին, նախարարը լավատեսորեն ասել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու, գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու դիզելային վառելանյութ, ինչը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցությամբ Հայաստանում իրակացվող ծրագրերի հետ, հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի մի շարք համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը: Անցյալ տարի ծրագրի շրջանակներում նրանց հատկացվել է 19 տրակտոր և 27 գյուղատնտեսական այլ տեխնիկա: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս մի քանի համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: Նրանց նույնպես գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ է սպասում:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Թաթուլ և Արագածոտն համայնքների ղեկավարներ Ալբերտ Հարոյանին և Մելսիկ Ղազարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
Օրվա երկրորդ կեսին նախարարը մարզպետ Սարգիս Սահակյանի հետ այցելել է Ագարակ համայնքում գտվող անհատ ձեռներեց Արմեն Ղուկասյանի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել արդեն հասունացած պոմիդորի բերքահավաքին: 5300 քառ. մետր զբաղեցնող ջերմոցից շաբաթական երկու անգամ շուրջ 1000 կգ բարձրորակ պոմիդոր է առաքվում շուկա: Ե՛վ նախարարը և՛ մարզպետը գոհ են մնացել նման արդյունքից:
Գյուղացիների հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է մթերումների խնդրին , նշելով որ անչափ կարևոր այդ հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, և ներկայումս վերջինիս բարելավման համար քննարկումներ են ընթանում տարբեր ոլորտներում: