ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ

2014-03-07

07.03.2014Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայից, ուր մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ ծանոթացել է ժամանակակից գերմանական սարքավորումներով կառուցվող ձեռնարկության շինարարության ընթացքին: Նորակառույց 8 նոր թռչնանոցներից 4 –ում սարքավորումների տեղակայման աշխատանքներն արդեն ավարտված են, մյուսների տեխնիկական հանդերձավորումը կսկսվի մոտ օրերս: Տարեկան երեք հազար տոննա թռչնամսի արտադրական հզորություն ունեցող թռչնաֆաբրիկան կապահովի 200 նոր աշխատատեղ մարզի բնակչության համար:

 

Նախարարի այցելության հաջորդ կանգառը բազմաբնույթ արտադրական գործունեություն ունեցող Վանաձորի «Թալգրիգ» ՍՊԸ-ն էր, որն զբաղվում է ցորենի ներմուծմամբ, ալյուրի, մակարոնեղենի, հրուշակեղենի, լավաշի արտադրությամբ, մանրածախ և մեծածախ առևտրով: Ընկերության արտադրական հզորությունների աճը հնարավորություն կտա մինչև տարեվերջ աշխատողների թիվը 90-ից հասցնել 170-ի:

 

Թե՛ թռչնաֆաբրիկայում , և թե՛ «Թալգրիգում» նախարարը զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, խոստացել հնարավորինս աջակցել վերջիններիս կարգավորմանը:

 

Օրվա երկրորդ կեսին Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում նախարարը մարզպետի հետ մասնակցել է համայնքի ղեկավարների, ֆերմերների, անտառային տնտեսության աշխատողների, մարզի ագրարային ոլորտին առնչվող մյուս մասնագետների հետ հանդիպում-խորհրդակցությանը : Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ համարել այն հանրապետության և Լոռու մարզի համար ,խոսել պետական օժանդակման այն ծրագրերի մասին, որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

 

Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների իրականացման մասին, նշելով, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու , գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու դիզելային վառելանյութ, ինչը հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի 9 համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս մի քանի համայնքներ ընդգրկել նշված ծրագրում:

 

Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովին, «Բոզոյան» ՍՊԸ-ի տնօրեն Ջոն Պողոսյանին և Վարդաբլուր համայնքից ֆերմեր Վռամ Գյուլզադյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

Տպել