ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին
2014-03-28
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին:
Արմավիրի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները: «Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև այգիներում,ջերմոցներում և դաշտերում ձեզ ավելի կարևոր և հրատապ աշխատանք է սպասում: Պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար: Եվ ինչպես նախորդ տարիներին,այս անգամ նույնպես,մինչև վերջ մենք ձեզ հետ ենք լինելու»,-ասել է նախարարը:
Ճանապարհին նախարարը մտել է Մրգաշատ գյուղի ծիրանի այգիներից մեկը, ծանոթացել ցրտահարության դեմ տարվող միջոցառումներին , որոնցից գոհ է մնացել, և խորհուրդ տվել այգում գտնվող գյուղացիներին շարունակել աշխատանքը հնարավոր վնասներից խուսափելու համար: «Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե’ ես, թե’ նախարարության ողջ կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել է նա:
Այնուհետև նախարարն այցելել է Արարատի մարզ, մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպել է մարզի համայնքապետերին. հորդորել արդյունավետորեն և նպատակային օգտագործել վտանգը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները: Հիշեցնելով նախորդ տարիների,մասնավորապես անցյալ տարվա փորձը, երբ մասնագետների խորհուրդներին ժամանակին և ճիշտ արձագանքելու շնորհիվ, գյուղացիները կարողացան ոչ միայն հաղթահարել վտանգը,այլև ապահովել վերամշակման և արտահանման աննախադեպ ծավալներ, նախարարը մասնավորապես ասել է. «Երեկ մեր մասնագետների կողմից տարածված հրատապ հաղորդագրությամբ գյուղացիներին առաջարկվող պայքարի միջոցները ավանդական են : Իսկ գյուղացիները մեզանից ավելի լավ գիտեն, թե ինչը ինչպես պետք է անել: Մենք միայն պետք է ժամանակին հիշեցնենք այդ մասին, համակարգենք այդ աշխատանքները և հարկ եղած դեպքում ձեռք մեկնենք գյուղացուն»: Նախարարից բացի, այսօր մարզեր են այցելել նաև գյուղատնտեսության նախարարության այլ պատասխանատուներ ու մասնագետներ: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եղել է Վայոց Ձորում, մյուս տեղակալ Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզում: Մարզպետարաններում համայնքապետերի հետ կայացած հանդիպումների ընթացքում, նրանք ներկայացրել են իրավիճակը, ծանոթացրել մասնագիտական խորհրդատվությանը:
Մոբիլիզացիոն վիճակը շարունակվել է նաև մյուս մարզերում, ուր ԳԱՄԿ-երի ներկայացուցիչներն ու մասնագետներն ակտիվորեն տեղեկացրել են սպասվող ցրտահարությունների մասին, տվել մասնագիտական խորհրդատվություն: