ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

2014-03-26

26.03.2014Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող կաթի վերամշակման արտադրամասի գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ:

 

Այստեղ արտադրվում են Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ համայնքից մթերվող մեկ տոննա կաթ : Առաջիկայում նախատեսվում է կաթի վերամշակման ծավալները հասցնել 2-3 տոննայի, ընդլայնել արտադրանքի տեսականին:

 

Այնուհետև նախարարն այցելել է Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում կառուցվող հատիկային կերերի մթերման , պահեստավորման և լիարժեք համակցված կերերի արտադրության ձեռնարկություն: Գերմանական սարքավորումներով հագեցած այս ձեռնարկությունը, որ շարք կմտնի մինչև տարեվերջ, կարտադրի տարեկան 2500 տոննա եվրոպական չափանիշներին համապատասխանող համակցված կերեր բոլոր սեռահասակային խմբի կենդանիների համար, ամբողջությամբ բավարարելով վերջինիս պահանջարկը մարզում և մեծապես նպաստելով մարզի անասնապահության զարգացմանը:

 

Այցելության հաջորդ կանգառը Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն էր, ուր նախարարը ծանոթացել է խոզաբուծական ժամանակակից համալիրի շինարարության ընթացքին: Այն կգործարկվի մինչև տարեվերջ, կունենանա 200 գլուխ մայրակազմ և տարեկան կարտադրի 300 տոննա միս: Ամբողջությամբ մեքենայացված գործընթացներ ( կերի արտադրությունից մինչև սպանդանոց ) ունեցող համալիրի սարքավորումները ներկրվել են Ավստրիայից: Շուտով եվրոպական երկրներից կներկրվի նաև լավագույն ցեղատեսակների մայրական կազմը: Համալիրը աշխատանքով կապահովի ավելի քան 30 մարդու: Նման տեխնոլոգիաներով խոզաբուծական համալիր Հայաստանում կգործարկվի առաջին անգամ:

 

Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը մասնակցել է մարզխորհդի նիստին, իր ելույթում ամփոփիչ անդրադարձ կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ համարել այն հանրապետության և Սյունիքի մարզի համար , խոսել պետական օժանդակման այն ծրագրերի մասին, որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

 

Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների իրականացման մասին, նշելով պետական օժանդակման ծրագրերի շարունակելիությունը, որով գյուղացին կրկին հնարավորություն ունի մատչելի գներով ձեռք բերել բարձրորակ սերմացու, պարարտանյութ ու դիզելային վառելանյութ: Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությանը, հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը: Առանձնապես կարևորվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի մի շարք համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս 7 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում, նման համայնքների թիվը հասցնելով 18-ի:

 

Հանդիպման ավարտին նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին և Մեղրու տարածաշրջանի Ալվանք համայնքից այգեգործ Ալեքսան Հովհաննիսյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 9 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

Տպել