Հաշվետվություններ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

2014-02-24

19.02.2014Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատանքային կոլեկտիվների նախորդ տարվա գործունեության հաշվետվությունների և ընթացիկ տարվա խնդիրների քննարկումները: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում նման ամփոփումներով հանդես եկան Կոտայքի, Լոռիի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի ԳԱՄԿ-երի և Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի ղեկավարները:

 

Լինելով տեղերում Գյուղատնտեսության նախարարության միակ ներկայացուցիչը, նշված կենտրոններն իրենց գործունեությամբ գնալով ավելի պահանջված ու կարևոր են դառնում գյուղացու համար, մատուցելով անհրաժեշտ խորհրդատվություն ու տեղեկատվություն գյուղատնտեսության համալիրին առնչվող բոլոր խնդիրների ու աշխատանքների համար: Այս առումով ներկայացված բոլոր հաշվետվությունները նման էին: Նախորդ տարվա համար ծրագրված աշխատանքները կատարվել են, այսօր արդեն ընթացքի մեջ են այս տարվա համար սահմանված ծրագրերը, որոնք նույնպես, ըստ զեկուցողների, լավատեսության հիմքեր ունեն:

 

Այլ էին սակայն նախարար Սերգո Կարապետյանի մոտեցումներն ու պահանջները քննվող հարցերին: «Ի՞նչ է արվել գյուղացու վստահությանն արժանանալու համար: Ի՞նչ նոր ծառայություններ են մատուցվում նրան: Եվ արդյոք դա բավարար է մարզային խնդիրներին նորովի մոտենալու, առկա ներուժը լիովին օգտագործելու, արտաբյուջետային եկամուտներ ապահովելու համար»,- նշեց նա:

 

Նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաև կադրերի կոմպետենտության վրա: «Գյուղացին պետք է ստանա ամենաթարմ և ամենաարդյունավետ խորհրդատվությունը, իսկ այն կարող է մատուցել միայն գիտակ և իր պարտականությունների հանդեպ պատասխանատու մասնագետը»,-պահանջեց նախարարը:

 

Շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնակիցները հավաստիացրին, որ կարվի ամեն ինչ տրված հանձնարարականները կատարելու և ընթացիկ տարվա գործունեությանը նորովի մոտենալու համար:

 

Տպել