Հաշվետվություններ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

2014-02-19

19.02.2014ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատանքային կոլեկտիվներում սկսվել են նախորդ տարվա գործունեության հաշվետվությունների և ընթացիկ տարվա խնդիրների քննարկումները:

 

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նման երեք հաշվետվություններ: Կատարած աշխատանքների ամփոփումներով հանդես եկան Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարները:

 

«Ակնկալիքները, որ ունենք ձեր աշխատանքից, ցավոք դեռ լիովին չեն արդարացել: Դուք Գյուղատնտեսություն նախարարությունը ներկայացնող միակ կազմակերպությունն եք մարզում, ուստի պետք է կարողանաք ձեր որակյալ խորհրդատվությամբ օժանդակել գյուղացուն` իր առջև ծառացած խնդիրները հնարավորինս արդյունավետորեն լուծելու համար: Այնինչ , ձեր աշխատանքին տրվող գնահատականները, միանշանակ չեն»,- նշեց նախարարը:

 

Քննարկման ներկայացված հաշվետվությունները ասվածի վկայությունն էին: Հաշվետու բոլոր կենտրոնները, թվում է, հաջողությամբ են եզրափակել տարին: Նախատեսված ծրագրերը իրականացվել են: Գյուղացին մասնագիտական խորհրդատվություն ստացել է: Սակայն տեղում իրավիճակին ամբողջովին տիրապետելու, անհրաժեշտ և հավաստի տեղեկատվությամբ նախարարությանն ու հասարակությանն ապահովելու, նոր, լրացուցիչ ծառայություններով արտաբյուջետային միջոցներն ավելացնելու, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և օրախնդիր նման հարցերի առումով ԳԱՄԿ-երը դեռևս լուրջ անելիքներ ունեն:

 

Շահագրգիռ քննարկման արդյունքում, մարզային կենտրոնների տնօրենները հավաստիացրեցին, որ կարվի ամեն ինչ, ընթացիկ տարվա գործունեությանը նորովի մոտենալու, գյուղացուն նոր, լրացուցիչ ծառայություններ առաջարկելու , ֆինանսական լրացուցիչ եկամուտներ ապահովելու ուղղությամբ: Մանավանդ, որ ինչպես խորհրդակցության ավարտին նշեց նախարարը. «Այդ ամենի համար տեղերում ստեղծվել են բոլոր բավարար պայմանները: Մնում է միայն ստեղծագործաբար մոտենալ առկա ներուժի օգտագործմանը»:

 

Տպել