Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները
2014-04-11
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր:
Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում է սպառման մակարդակը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոլորտում նկատվում են աճի և զարգացման անշրջելի միտումներ: Այսօրվա դրությամբ հանրապետություն է ներկրվել ընդհամենը 2.9 մլն ձու, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում ներկրված ձվի վերջին խմաբաքանակը Հայաստան է մտել գրեթե մեկ ամիս առաջ: Հանրապետությունում ձևավորված ձվի գներն ամենացածրն են տարածաշրջանում:
«Այս ամենի մասին ես տեղեկացված եմ, սակայն այսօր ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիանալ, որ ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ դրանից հետո մենք խնդիրներ չենք ունենա այս ոլորտում»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ հորդորելով պահպանել աճի առկա միտումները, նախատոնական առևտրի համաչափությունը և թույլ չտալ ձվի գնի բարձրացում:
Շահագրգիռ քննարկման արդյունքում արտադրողները հավաստիացրել են Սերգո Կարապետյանին, պահպանել պահանջվող պայմանները: «Բացի դա աճի այսօրվա տեմպերը թույլ են տալիս մտածել արդեն արտահանման խնդիրների մասին»,- նշել են նրանք՝ խնդրելով օժանդակել ինչպես այս հարցում, այնպես էլ՝ ձու ներկրող կազմակերպությունների հետ անհամաչափ մրցակցության ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման մեջ:
Նախարարի պաշտոնակատարը խոստացել է հնարավորինս աջակցել տեղական արտադրողներին: