Բանջարեղենի մշակությունը ջերմատներում

2014-03-28

jermatner

Մեր հանրապետության աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ջերմատներում բանջարային բույսերի լիարժեք մշակության և բարձր բերքի ստացման համար:

 

Հայաստանում` ըստ կառուցվածքային առանձնահատկությունների, կան երկու տիպի անգարային (երկթեք) և բլոկային (բազմաթեք) ջերմատներ:

 

Ըստ օգտագործման ժամանակաշրջանի` ջերմատները լինում են ձմեռային (ջեռուցվող), որոնց շահագործումը տարվում է կլոր տարին և գարնանային, որոնք շահագործվում են վաղ գարնանը: Ջերմատնային ծածկը, համապատասխանաբար, լինում է ապակեպատ, սինթետիկ և թաղանթապատ:

 

Ջերմատնային պայմաններում, ամբողջ վեգետացիայի ընթացքում, կարգավորվում է բույսերի պահանջը`ջերմության, լույսի, խոնավության, սննդատարրերի և օդի նկատմամբ: Ընդ որում, խոշոր ջերմատնային տնտեսություններում այն կատարվում է համակարգիչների միջոցով:

 

Բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ առաջնային գործոններից է ջերմային ռեժիմը: Ջերմատներում այն կարգավորվում է ջեռուցող համակարգի միջոցով, որը նպատակահարմար է տեղադրել գրունտի մակերեսի վրա:

 

Ջերմատներում ջերմային լավագույն ռեժիմ է համարվում գիշերը` 15-18°C, ցերեկը, ամպամած օրերին` 20-25°C, իսկ պայծառ, արևոտ օրերին` 25-30°C-ի դեպքում: Գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների կտրուկ տատանումները նպաստում են ոչ ապրանքային, տձև պտուղների ձևավորմանը և մի շարք հիվանդությունների տարածմանը (արմատային փտում, ալրացող և այլն):

 

Մեր պայմաններում, ձմեռային ջերմատներում սածիլման ժամանակ (օգոստոս), ինչպես և վեգետացիայի վերջին շրջանում (հունիս, հուլիս), արևի բարձր էներգիան նպաստում է ջերմատան օդի ջերմաստիճանի բարձրացմանը` մինչև 35-40°C և ավելի: Այդ պատճառով նշված ամիսներին օդի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով, ջերմատների տանիքը և կողային ապակիների արտաքին կողմը սպիտակեցնում են կավճի լուծույթով կամ օգտագործում ստվերածածկման հատուկ համակարգ, որը մոտ 7-9°C-ով իջեցնում է ջերմատան օդի ջերմաստիճանը:

 

Ջերմատներում մշակվող բույսերի բնականոն աճի և զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև հողի ջերմաստիճանը: Արմատների բնականոն զարգացման համար 25-30 սմ խորությամբ շերտում պետք է պահպանել նվազագույնը 17°C ջերմություն:

 

Կարևորվում է նաև լուսավորվածության ռեժիմը, որը կախված է տեղի ընտրությունից, ծածկի անկյան թեքությունից, ապակու որակից, բույսի տեղադրությունից և սնման մակերեսից: Բանջարային մշակաբույսերի աճի և զարգացման համար նվազագույնը պահանջվում է 10-12 ժամ օրվա տևողություն և 8 հազար լյուքս լույսի պայծառություն:

 

Ջերմատնային պայմաններում բանջարային մշակաբույսերի մշակության կարևորագույն խնդիրներից է` խոնավության ռեժիմի կարգավորումը:

 

Հիմնականում կիրառվում են ոռոգման ակոսային (ռետինե խողովակների միջոցով), անձրևացման և կաթիլային եղանակները:

 

Արդյունավետը` ոռոգման կաթիլային եղանակի կիրառումն է, որը նպաստում է ոռոգելի ջրի տնտեսմանը (2-3 անգամ), բույսերի աճի և զարգացման ընթացքի ինտենսիվացմանն ու բերքի քանակի ավելացմանը (18,3 – 60,3 տոկոսով): Ոռոգման համակարգն օգտագործվում է նաև պարարտանյութերով սնուցումներ իրականացնելու համար:

 

Բանջարային մշակաբույսերի պահանջն օդի և հողի հարաբերական խոնավության նկատմամբ տարբեր է: Վարունգի համար լավագույն է համարվում 85-90, պոմիդորինը` 50-60, տաքդեղինը` 70 % օդի հարաբերական խոնավությունը: Հողի խոնավությունը վարունգի համար, մինչև պտղակալման սկիզբը, պետք է լինի հողի սահմանային խոնավության 65-75 %-ը, իսկ պտղակալման շրջանում` 85-90 %-ը, պոմիդորի և տաքդեղի համար, համապատասխանաբար` 65-70; 75-80 և 70-75; 75-80 %-ը:

 

Ջերմատան հողախառնուրդը հիմնականում պատրաստում են ճմահողից կամ դաշտային հողից (30-50%), բուսահողից (20-30%) և տորֆից (40-80%):

 

Պետք է նշել, որ յուրաքանչյուրի քանակական հարաբերությունը պայմանական է և կարող է փոփոխվել` կախված մշակաբույսերից, տեղի պայմաններից և տնտեսության հնարավորություններից:

 

Նպատակահարմար է հողախառնուրդի զանգվածին ավելացնել նաև որոշակի քանակի հրաբխային խարամ:

 

Ջերմատներում, բանջարեղենի բարձր բերք ստանալու համար, կարևոր նշանակություն ունեն մշակաբույսի տեսակի և սորտերի ընտրությունը, բարձրորակ տնկանյութի օգտագործումը, մշակման տեխնոլոգիաների կիրառումը:

 

Ջերմատանը սածիլներն աճեցվում են թաղարային եղանակով: Ախտահանված սերմերը նպատակահարմար է ցանել տորֆով կամ հողախառնուրդով (7 մաս տորֆ, 2 մաս բուսահող, 1 մաս ճմահող) լցված պոլիէթիլենային խոռոչիկներում: Սածիլների մշակության ընթացքում ջուրը տրվում է սննդարար լուծույթով, որը 1 լ ջրում պարունակում է` N-200, P-80, K-160, Ca-280, Mg-50 մգ, ինչպես նաև միկրոտարրերով` Fe-4; B-0,5, Mn-0,5, Zn-0,05, Cu-0,05 մգ/լ:

 

Երբ սածիլները հասնում են 7-10 սմ բարձրության, դրանք պետք է վերատնկել տորֆով կամ հողախառնուրդով լցված պլաստիկ բաժակների մեջ: Աճի սածիլային շրջանում բույսերը համարյա ամեն օր պետք է ջրվեն: Վերատնկումից 20-25 օր հետո, անհրաժեշտ լուսավորություն ապահովելու համար, բույսերն իրարից հեռացվում են` 10-15 բույս` մեկ քառ.մ-ի վրա:

 

Ջերմատնային պայմաններում բանջարային մշակաբույսերի բերքատվության բարձրացման կարևոր պայմաններից մեկը` համապատասխան սորտերի և հիբրիդների ընտրությունն է: Արդյունավետ է մշակել վարունգի պարթենոկարպիկ, իսկ պոմիդորի ինդետերմինանտ հիբրիդները:

 

Լոլիկը նպատակահարմար է մշակել ձմեռնագարնանային շրջապտույտում: Ցանքն անհրաժեշտ է կատարել նոյեմբերի վերջին: Այնուհետև, 40-45 օրական սածիլները, հունվարի առաջին կեսին, տեղափոխել նախօրոք ախտահանված և պարարտացված ջերմատան գրունտ:

 

Սածիլները տնկվում են երկգծանի ժապավենաձև`90+60×50 սմ տնկման սխեմայով: Լոլիկի բույսերն անհրաժեշտ է ձևավորել ջերմատնային պայմաններում: Դետերմինանտ սորտերը ձևավորվում են 2, իսկ ինդետերմինանտները` 1 ցողունով` վեգետացիայի ընթացքում մի քանի անգամ կատարելով բույսերի իջեցում: Ինդետերմինանտ հիբրիդների մշակության դեպքում` ցանկալի է կիրառել կեռիկային համակարգը, որը հեշտացնում է բոլոր աշխատանքները:

 

Ջերմատնային բանջարաբուծության ոլորտում օգտագործում են վարունգի կարճապտուղ և երկարապտուղ սորտեր ու հիբրիդներ, որոնք, իրենց հերթին, լինում են մեղվի միջոցով փոշոտվողներ և պարթենոկարպիկ, երբ պտուղները կազմավորվում են առանց բեղմնավորման:

 

Սածիլները տնկվում են երկգծանի ժապավենաձև`90+60×35-50 սմ տնկման սխեմայով: Վարունգի բույսերի ձևավորումը սկսում են սածիլների ջերմատուն տեղափոխելուց հետո: Ձևավորման սկզբից` բույսի ներքևի տերևածոցերից առաջացած կողային շվերը և ծաղիկները հեռացվում են:

 

Մեղվով փոշոտվող հիբրիդներից հողի մակերեսից կես մետր բարձրության վրա հեռացնում են 3-4, իսկ պարթենոկարպիկ հիբրիդների մոտ` 6-7 հանգույցները, որից հետո գրունտից մեկ մետր բարձրության վրա ծերատվում են հաջորդ 4-5 կողային շվերը` երկու տերևից, իսկ ավելի բարձր` մինչև երկաթալարը` երեք տերևից հետո: Երբ կենտրոնական ցողունի գագաթնային մասը հասնում է երկաթալարին, այն տանում են լարից վերև և ծերատում 3-4 տերևից հետո, այնուհետև ցողունը թեթևակի թեքում լարի ուղղությամբ և 1-2 պտույտ տալուց հետո թելերով ամրացնում: Տերևածոցերից դուրս եկած կողային շվերը թողնում են ազատ աճելու:

 

Հանրապետությունում, բարձր բերքատու տեղական սորտանմուշների բացակայության պատճառով, լայնորեն օգտագործվում են արտասահմանյան` մասնավորապես հոլանդական և իսրայելական պարթենոկարպիկ հիբրիդներ:

 

Վերջին տարիներին ջերմատնային տնտեսություններում մշակում են նաև քաղցր և կծու տաքդեղներ: Սածիլների մշակության աշխատանքները տաքդեղի համար նույնն են, ինչ լոլիկինը: Սածիլները ջերմատանը տնկվում են երկգծանի ժապավենաձև` 90+ 60×35 – 50 սմ տնկման սխեմայով: Տաքդեղի թփի բարձրությունը ջերմատներում հասնում է մոտ 2,5 մ, ուստի զգացվում է թուփը կապելու և ձևավորելու անհրաժեշտություն:

 

Հանրապետությունում հիմնականում մշակվում են կծու տաքդեղի տեղական պոպուլյացիաները, իսկ ինչ վերաբերում է քաղցր տաքդեղին, ապա վերջին տարիներին որոշակի քանակությամբ մշակվում են նաև արտասահմանյան խոշորապտուղ, տեխնիկական հասունացման շրջանում` մուգ կանաչ գույնի, իսկ կենսաբանականում` կարմիր, դեղին, գազարագույն, պրիզմաձև պտուղներով սորտանմուշներ:

 

 Աղբյուրը՝ <<Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն>> ՓԲԸ

 

 

Տպել