«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

Գյուղատնտեսական մշակաբույսերի ուսումնասիրության, տեղական  սորտերի  և  պոպուլացիաների փորձարկման աշխատանքների  կազմակերպման նպատակով, ԽՍՀՄ Հայժողկոմատի որոշմամբ 1924թ. գարնանը Հայաստանում, նախալեռնային  գոտուն  բնորոշ պայմաններում, Շիրակի տափաստանում, Լենինականի քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում, ծովի մակերևույթից 15470.0մ  բարձրություն ունեցող  սևահողերի  վա կազմավորվում  է միութենական սորտցանցի հենակետը: Սերմփորձագետին  հանձնվում  է Ամերկոմի  և  կոմունալ  տնտեսություններից  առանձնացված 21,5 դեսյատին,  այսինքն 12  հա հողատարածություն: 

 

Երկու  տարվա  գործունեությունից  հետո, 1926 թվականին, Համամիութենական բուսաբուծության գ/հ ինստիտուտի միջնորդությամբ,  Հայաստանի հողժողկոմատը Լենինականի սերմփորձագետը վերակառուցում է  տեսակափորձադաշտի, դաշտերը  բաժանում են  հինգդաշտյա սերմափոխահողամասերի և կազմակերպվում է սերմաշրջանառության հետևյալ սխեման`

 

ա/ զբաղված ցել

բ/ աշնանացան/փորձնական ցանքեր/

գ/ գարնանացան /հավաք. գ-ներ/

դ/ արմատապտուղներ /շաքարի ճակնդեղ և այլն/

ե/ գարնանացան /հավաքածու գ.-ներ/

 

Լենինականի  տեսափորձադաշտում, չնայած համապատասխան մասնագետների պակասին, տնտեսական ու տեխնիկական պայմանների բացակայությանը բավականին լուրջ ու ծավալուն աշխատանք է կատարվում` տեղում տարածված ու ներմուծված տարբեր մշակաբույսերի ուսումնասիրման ուղղությամբ:

 

1924-1926 թթ. ուսումնասիրություններ են կատարվել`

 

  • Վարսակի 17 տեսակի վրա` երեք կրկնողությամբ,
  • Ցորենի 19 տեսակի վրա` երեք կրկնողությամբ,
  • Գարու 20 տեսակի վրա` 2 կրկնողությամբ
  • Եգիպտացորենի 17 տեսակի վրա` 2 կրկնողությամբ,
  • Սուդանի խոտ 1 տեսակ` 4 տարբերակով
  • Շաքարի ճակնդեղ` 7 սորտ և  այլն:

 

Այդ  տարիներին փորձարկվել են  ներմուծված տարբեր մշակաբույսերի աշխարհագրական  հավաքածուի ավելի քան 200 սորտանմուշներ:

 

1926-1927թթ. աշխատանքների նպատակն է եղել ուսումնասիրել և Հայաստանի նախալեռնային գոտու համար ընտրել  գարնանացան և աշնանացան հացաբույսերի արդյունավետ սորտեր` 1929 թ. համամիութենական հողժողկոմատի և կիրառական բուսաբանության ու նոր մշակաբույսերի  գիտահետազոտական ինստիտուտի միջոցով: Լենինականի սորտափորձարկման  տեղամասի բազային  հատկացվում է լրացուցիչ քսան դեսյատին վարելահող և կազմակերպվում է հատիկաընդեղենային և կերային կուլտուրաների, ապա հետագայում նաև տեխնիկական և շարահերկային մշակաբույսերի  փորձարկումներ: 1929թ. հայժողկոմատի գծով փորձադաշտում կազմակերպվում է  մշակաբույսերի սերմերի աճեցման տնկարաններ, որը մի տարի հետո միացվում է նորաստեղծ  ճակնդեղագործական  սովխոզին: Ի դեպ նշեմ, որ  հանրապետությունում  շաքարի ճակնդեղի  փորձարկումներն ու ագրոտեխնիկական հարցերը կազմակերպվել են 1924 թվականից:

 

Լենինականի փորձադաշտի պայմաններում, երեք տարվա  հետազոտական աշխատանքների արդյունքներով, առաջարկություն է մտցվել Հայաստանում զբաղվել  ճակնդեղագործությամբ, որի  արտադրական նշանակության առաջին ցանքերը 12 հա-ի վրա կատարվել են  1928թ-ին.` փորձադաշտին կից կազմակերպված ճակնդեղագործական սովխոզում:

 

1931թ-ի. գարնանը Լենինականի  սերմփորձակետի աշխատանքները բարելավելու նպատակով, կազմակերպվում է երեք բաժիններ և հողժողկոմատի հրամանով փորձադաշտը վերանվանվում է «Լենինականի փորձա-սելեկցիոն կայանի», որն իր մեջ ընդգրկում է երեք բաժիններ`

 

1/ հացաբույսերի /աշնանացան, գարնանացան ցորենների, գարի/

2/ հատիկաընդեղենային և տեխնիկական կուլտուրաներ /լոբի, սիսեռ, ոսպ, յուղատու կտավատ, եգիպտացորեն/

3/ կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսեր /կարտոֆիլ, կաղամբ, սեղանի ճակնդեղ, գազար/:

 

Երկրորդ բաժինը ագրոտեխնիկայի բաժինն էր և երրորդը` սերմնաբուծությունը:

 

Այդ տարիների սելեկցիոն և սերմնաբուծական աշխատանքները ղեկավարել է տեսակափորձահողամասի  վարիչ` Արայիկ Բաղրամյանը, ում հետ հիմնականում աշխարհագրական ցանքերի գծով  աշխատում էր ագրոնոմ Արծվիկ Սահակյանը:

 

1927թ. կայանում, որպես հեռանկարային մասնագետներ գործուղվում են Հայլուսժողկոմատի պետ, համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողներ` Կարապետ Միխայելի Ստամբոլցյանը, Արմիկ Պետրոսյանը, իսկ 1924թ. կոլեկտիվը համալրվում է նույն ֆակուլտետի շրջանավարտներով` Վահան Կարապետյանը, Օլգա Ալեքսանյանը, Վարդուշ Ամյանը, Սուսաննա Խաչատրյանը, Զվարթ Խզմալյանը և Մարջիկ Մարջանյանը:

 

Տեսակափորձահողամասում սկսած 1924-25թթ. բավական բեղուն ու ծավալուն  աշխատանքներ են կատարվել Ի.Ի.Մակարևիչի ղեկավարությամբ` շաքարի ճակնդեղի ուսումնասիրության և ներդրման ուղղությամբ: Մինչև 1929 թ., երբ  փորձադաշտից  առանձնացվում է շաքարի ճակնդեղը և կազմակերպվում է զոնալ կայանը,որտեղ այդ կուլտուրայի գծով  լայնածավալ աշխատանքներ են կազմակերպում Օլյա Ալեքսանյանը և Արմիկ Պետրոսյանը:

 

1932 թ. ճակնդեղի զոնալ կայանի համամիութենական շաքարի ինստիտուտի համաձայնությամբ, նորից մտցվում է սելեկցիոն կայանի տարածքի մեջ` աշխատանքների առավել կոորդինացման ու բարելավման նպատակով:

 

Կայանն իր կազմավորման առաջին տարիներին ունեցել է 10-12հա հողատարածություն, ապա Ամերկոմի և ճակնդեղի սովխոզի լուծարումից հետո, դրանց կից վարելահողերը 1929-30թթ. ամրացվել է կայանին, այն կազմել է 375 հա: 1931-32թթ. հողերի մի մասը նորից հետ է վերցվել, կայանին մնացել է 100 հա վարելահող:

 

1932թ. կայանն ուներ արդեն 6 բաժիններ` սելեկցիայի, ճակնդեղագործության, բանջարաբուծության սորտակետ, կերհայթաթման և սերմնաբուծական, արտադրական ցանքերի:

 

Բանջարաբուծական բաժինը  գտնվում էր Երևանում և իր տրամադրության տակ ուներ 2 հա հողատարածություն, որը համարվում էր  կայանի հենակետը, որտեղ որպես  հենակետի վարիչ և մասնագետ աշխատում էր Անահիտ  Անանյանը: Համանման հենակետեր են բացվում Մարտունիում, Գյուլաքարակում` կարտոֆիլի գծով, որի վարիչն էր Տեր-Սահակյանը: Բացի հիշյալ մասնագետներից, այդ տարիներին կայանում աշխատել են Ամալյա Ազատյանը` կերաբույսերի և սիլոսային կուլտուրաների բաժնի վարիչ և ուրիշներ:

 

Կայանն  այդ տարիներին դեռևս ապահովված չէր անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, իսկ բանվորական ուժն ու սպասարկող անձնակազմը մեծամասամբ համալրվում էր սեզոնային և ժամանակավոր աշխատողներով:

 

Կայանի հետագա զարգացման համար կարևոր  նշանակություն է ունեցել  ՍՍՀՄ Հայժողկոմատի 1937թ. հունիսի 29-ի որոշումը «Հացահատիկային կուլտուրաների  սերմերի բարելավման միջոցառումների մասին» և այդ որոշման հիման վրա փորձա-սելեկցիոն կայանը վերանվանվում է «Լենինականի պետական սելեկցիոն  կայանի», որը հանրապետությունում միակն էր, որտեղ գիտափորձնական աշխատանքների հետ զուգընթաց  տարվում էր  լայնածավալ սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքներ: Արդյունավետ ձևով զուգակցված էին  գիտության և արտադրական հարցերը: Սելեկցիոն կայանը ծավալուն գործ է կատարել հանրապետության նախալեռնային գոտու գյուղատնտեսական արտադրության զարգացման համար` իր նոր առաջարկություններով ու նոր սորտերի ներդրմամբ: Առ այսօր էլ եզակի գիտական օջախն է, որտեղ արտադրվում և  հանրապետության համանման  գոտիներին է մատակարարվում հացահատիկային և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի  բարձր վերարտադրության սերմեր:

 

1937թ. առ այսօր սելեկցիոն կայանը զբաղվում է հասկավոր հացաբույսերի` աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, հատիկաընդեղենային կուլտուրաների` լոբի, ոսպ, սիսեռ, բազմամյա թիթեռնածաղկավոր խոտաբույսերի` կորնգան, առվույտ, բանջարանոցային  կուլտուրաների` կաղամբի, գազարի, սեղանի ճակնդեղի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: Պարբերաբար, տարբեր տարիներին տարվել են նաև  սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքներ յուղատու կտավատի, կարտոֆիլի, եգիպտացորենի ուղղությամբ: Իսկ ագրոտեխնիկայի բաժինը, ագրոքիմիական լաբորատորիայի հետ, լայնածավալ աշխատանք է տարել Շիրակի գոտում մշակվող հիմնական մշակաբույսերի /ցորեն, գարի, կարտոֆիլ, եգիպտացորեն, կորնգան, առվույտ, շաքարի ճակնդեղ, հատիկաընդեղեններ և այլն/ ագրոտեխնիկական հարցերի ուսումնասիրության ուղղությամբ:

 

Բազմամյա փորձերով հիմնավորվել և ներդրվել են շրջանում խոտադաշտային և խոտադաշտյա պտղափոխային 8 և 10 դաշտյա ցանքաշրջանառությունների տիպերը, դրանցում մշակվող մշակաբույսերի պարարտացման, հանքային և օրգանական պարարտանյութերի օգտագործման նորմաներն ու կիրառման եղանակները, դրանց հետազդեցությունը և հողերի բերրիության բարձրացման հարցերը: Գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց  հոգ է տարվել կայանում ցանվող մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը:

 

Կայանը հանդիսանում է հանրապետության նախալեռնային գոտու հացաբույսերի/ցորեն, գարի/, հատիկաընդեղենների/լոբի, ոսպ, սիսեռ/, բազմամյա խոտաբույսերի/ կորնգան և առվույտ/, բանջարանոցային մշակաբույսերի/սեղանի ճակնդեղ, գլուխ կաղամբ, գազար/ էլիտային սերմերի աճեցնողն ու մատակարարը:

 

Առ  այսօր կայանում ստեղծվել են գյուղատնտեսական մշակաբույսերի  ավելի քան 40 սորտեր:

«Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը (հետագայում`ընկերություն) համարվում է շահույթ  ստանալու  նպատակով հիմնադրված  առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական  անձ, որի կանոնադրական  կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ  բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: Ընկերության կողմից  թողարկված բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են  Հայաստանի Հանրապետությանը:

 

Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախկին «Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ձեռնարկության «Գյումրիի  սելեկցիոն կայան» դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով, համաձայն  ՀՀ գյուղատնտեսության  նախարարության 1999 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 319 հրամանով և հանդես է գալիս  նրա իրավահաջորդը:

 

Ընկերության հիմնադիր  հանդիսացող պետական կառավարման  մարմինն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

 

Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:

 

Ընկերության գործունեության  հիմնական տեսակներն են`

 

       -Հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և գյուղատնտեսական  այլ  մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացումը Շիրակի դաշտավայրում,

       -վերոհիշյալ մշակաբույսերի էլիտային, սուպեր-էլիտային, սուպեր-սուպեր-էլիտային սերմերի ստեղծումը և աճեցումը,

       -դաշտային մշակաբույսերի աճեցման և պարարտացման, ինչպես նաև ցանքաշրջանառության տեխնոլոգիաների մշակումը,

       -հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի  և գյուղատնտեսական  այլ  մշակաբույսերի սերմերի արտադրության կազմակերպումը, նրանց մթերումը, իրացումը, մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպումը

       -հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և կարտոֆիլի  սերմերի ու  այլ արտադրանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանումը, ներմուծումը և ապրանքափոխանակումը,

       -գյուղատնտեսության  բնագավառում ծառայությունների մատուցում,

       -պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր:

 

 

Տնօրեն ` Ռուբիկ Կարախանյան

Հեռ.` (+374312) 6 62 39

Հասցե` ՀՀ, Շիրակի  մարզ, ք. Գյումրի 3113

Էլ.փոստ՝ info@gyumribrst.am

էլ. կայք` gyumribrst.am

 

 «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի կանոնադրություն

 

 

Տպել