Պատմական ակնարկ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Նախարարությունը մշակում և իրականացնում է ագրոպարենային ոլորտի, գյուղատնտեսական բնագավառում միջպետական համագործակցության, անտառաբուծության, բուսաբուծության, անասնաբուծության, ոռոգման, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և հողաբարելավման ծրագրեր:

 

Գյուղատնտեսության նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

Նախարարության առանձնացված ստորաբաժանումներ են համարվում «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը» և «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը:

 

2002 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1516-Ն որոշումը, ըստ որի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը:

 

Այս որոշման համաձայն՝ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը՝ իր վարչություններով, քարտուղարությամբ, բաժիններով, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումներով՝ գործակալություններ, տեսչություններ, հաստատվել է նախարարության կանոնադրությունը:

 

Նախարարությունը հրատարակել է «Ագրոգիտություն» ամսագիրը (1958 թ.-ից) և «Ագրոլրատու» շաբաթաթերթը (1951-ից):

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարներ են եղել Յուրի Ջավադյանը (02.1991-12.1991), Գագիկ Շահբազյանը (1991-1993., 1999-2000), Աշոտ Ոսկանյանը (1993-1996), Վլադիմիր Մովսիսյանը (1996-1999), Զավեն Գևորգյանը (2000-2002), Դավիթ Զադոյանը (2002-2003), Դավիթ Լոքյանը (2003-2008), Արամայիս Գրիգորյանը (2008-2009), Գերասիմ Ալավերդյանը (2009-2010), Սերգո Կարապետյանը (2010-2016),  Իգնատի Առաքելյանը (2016-2018), Արթուր Խաչատրյանը (2018 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր):

Հայաստանում գյուղատնտեսության նախարարությունը իր գործունեությունը սկսել է 1918 թվականի դեկտեմբերի 24-ից՝ որպես Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործոց նախարարության գյուղատնտեսության և պետական գույքի գլխավոր վարչություն (վարչության պետ՝ Ստեփան Կամսարական): Համաձայն Հայաստանի Խորհրդի կողմից ընդունված «Նախկին Ռուսական Կայսրության օրենքները Հայաստանում կիրարկելու մասին» օրենքի՝ ՀՀ տարածքում ժամանակավորապես գործել են Ռուսաստանի Կայսրության օրենքները` ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի, Սեյմի և Հայաստանի Խորհրդի կատարած փոփոխություններով և լրացումներով:

 

1920 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը հաստատել է գյուղատնտեսության և պետական գույքի գլխավոր վարչությունը վերացնելու և գյուղատնտեսության և պետական գույքի նախարարություն (նախարար՝ Ս. Վրացյան) հիմնելու մասին օրենքը:

 

1920 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հեղկոմի №7 դեկրետով ստեղծվել է ՀՍԽՀ հողագործության ժողովրդական կոմիսարիատը, որը 1947 թվականին վերանվանվել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարություն:

 

1962թ.-ի մարտի 30-ին ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշման համաձայն ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությունը վերանվանվել է ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերումների նախարարություն և գործել է մինչև 1965 թ.-ի մարտ ամիսը:

 

1965թ.-ին նորից վերանվանվել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարություն: 1976թ.-ին գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ էին մտնում 30 գլխավոր վարչություններ և բաժիններ (բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական գիտության և կադրերի պատրաստման, խաղողագործության և պտղաբուծության, կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների գործերի, մեքենայացման և էլեկտրիֆիկացիայի, անասնաբուժության, թռչնաբուծական արդյունաբերության և այլն): Նախարարության ենթակայության տակ էին բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, տեխնիկումներ, զոնալ կայաններ և լաբորատորիաներ:

 

1985թ.-ի դեկտեմբերի 17-ին կազմավորվել է ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեն (պետագրոարդ): Պետագրոարդն իրականացնում էր գյուղատնտեսության, սննդի, մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության, գյուղատնտեսական արտադրանքի մթերումների, բրդի նախնական մշակման և ագրոարդյունաբերական մյուս ձեռնարկությունների ու կազմակերպությունների նյութատեխնիկական ապահովման ղեկավարությունը: Գլխավոր խնդիրներն էին ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսության և համալիրի մյուս ճյուղերի ինտենսիվացման, մեքենայացման, նոր տեխնոլոգիաների ներդրման և արտադրության արդյունավետության բարձրացման ապահովումը: Պետագրոարդը գլխավորել են Վ. Մովսիսյանը (1985-1990թթ.), Շավարշ Ալեքսանյանը (05.1990-08.1990թթ.):

 

ՀՍԽՀ հողագործության ժողովրդական կոմիսարներ են եղել Ա. Երզնկյանը (1921—1929), Մ. Չալյանը (05.1930-06.1930), Ա. Գուլոյանը (1930-1932), Գ. Եսայանը (1932-1933), Ա. Անանյանը (04.1933-11.1933), Վ. Մամիկոնյանը (1933-36), Գ. Մելիք-Դադայանը (1936-1937), Կ. Գրիգորյանը (09.1937-11.1937), Շ. Առուշանյանը (1937-1938), Ա. Սահակյանը (02.1938-07.1938), Հ. Մարջանյանը (1938-1945), Ս. Ղազարյանը (1945-1947):

 

ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարներ են եղել Ե. Ղազարյանը (1947—1952 և 1961 — 1962), U. Չիլինգարյանը (1952-1953), Ս. Ղազարյանը (03.1953—12.1953), Ռ. Աբրահամ­յանը (1954—1957), Հ. Հով­հաննիսյանը (1957—1958, 1965—1974), Գ. Ստեփանյանը (1958-1961), Գ. Պետրոսյանը (1962—1965), Հ. Թարջումանյանը (1975-1985), Վլ. Մովսիսյանը (1985-1990), Շ. Ալեքսանյանը (05.1990-08.1990):

 

 

Տպել