«ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագիր

 «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի նպատակն է այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը, խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը:

 

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին աջակցություն ցուցաբերել այգիների հիմնմանը` կիրառելով, ըստ շահառուի հայեցողության, ներքոհիշյալ տարբերակներից որևէ մեկը`

1)  սուբսիդավորել այգիների հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերին ուղղված վարկերի տոկոսադրույքը

2)   փոխհատուցել  այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։

 

Տարբերակ 1՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում

 

Վարկը շահառուներին տրամադրվում է 2% տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետ՝ 8 տարի է, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի։

Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու  ինտենսիվ պտղատու և   0.5-3  հեկտար հատապտղատու այգիների համար։

 

Տարբերակ 2՝  Ծախսերի փոխհատուցում

 

 Ծախսերի փոխհատուցումն իրականացվում է հետևյալ սահմանաչափերով.

ա. Շահառուների համար՝ կատարված հիմնման ծախսերի (առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) 40%-ը,

բ. Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50%-ը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի.

Փոխհատուցումը տրամադրվում է   0.5-ից 10 հեկտար խաղողի,  0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և  հատապտղատու այգիների համար։

 

Շահառուն, Ծրագրի փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, մինչև այգու հիմնումը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով տեղեկատվություն այգու տեղի, չափերի ու տեսակի վերաբերյալ, ինչպես նաև այգեհիմնման ծախսերի համապատասխան հաշվարկներ:Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 Ծրագրի մասնակից ֆինանսական կառույցների, կապալառու կազմակերպությունների ցանկ 

 

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` 011 52 37 93  հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

Տպել