Գյուղատնտեսական կոոպերացիա

kooperativԳյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից, առանձնահատուկ կարևորվում է գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեությունը, մասնավորապես` կոոպերատիվների ձևավորման միջոցով:

 

Կոոպերացիայի խթանման քաղաքականությունն ագրարային ոլորտում վարվող պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից է: Վերջինիս մասին են վկայում գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում դրված մի շարք ուղենշային ծրագրային փաստաթղթերը: Դրանցից են ՀՀ կառավարության ծրագիրը, ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը:

 

Ներկայումս հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող ավելի քան 400 գյուղատնտեսական  կոոպերատիվ, որից 15%-ը գյուղատնտեսական, 84%-ը սպառողական, իսկ 3%-ը՝ արտադրական կոոպերատիվներ են:

 

Կոոպերատիվների հիմնական ուղղվածությունն է կաթի մթերումն ու հավաքագրումը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, հացահատիկային մշակաբույսերի աճեցումը, մեղվաբուծությունը, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցումը, արոտավայրերի կառավարումը: 

 

Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման բնագավառում առանձնակի կարևորվում է.

 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավար­ման և մրցունակության» ծրագիրը, որի հիմնական նպատակն է բարելավել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ թիրախային համայնքներում արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը (հեռագնա արոտների անցանելիության ապահովում, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնում), և ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Ծրագիրն, ըստ էության, միտված է նաև բնակչության բարեկեցության, ինչպես նաև բնապահպանական անվտանգության բարելավմանը:

 

«Համայնքների գյուղատնտեսական ռե­սուրս­­ների կառավար­ման և մրցունակության» ծրագրի (ՀԳՌԿՄ, ՀԳՌԿՄ2) շրջանակներում հիմնվել են թվով 189 «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոո­պե­րատիվներ, որոնց գործունեության հիմնական նպատակն է արոտավայրերի կառավարման և բարելավման միջոցով բարձրացնել  անասնապահության արդյունավետությունը՝ անասնապահական տնտեսությունների եկամուտները:

 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդատվական համակարգի միջոցով խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվում գործող և նոր ձևավորվող կոոպերատիվներին:

 

enpard2015 թվականի հունվարից մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի «Եվրո­պական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգաց­ման» ԵՀԳԳԶԾ (ENPARD) եռամյա ծրագրի շրջանակում հիմնվել է շուրջ 52 գյուղատնտեսական կոոպերատիվ, որից 14-ը վերամշակող կոոպերատիվներ են:

 

Շիրակի մարզի Բավրա համայնքի «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի վերամշակման կոոպերատիվը (գործարան) միավորում է 28 կոոպերատիվ, իսկ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի «ԱՐԾԱՓ-ՀՆԴԿԱՑՈՐԵՆ» Գ/Կ վերամշակող կոոպերատիվը՝ 6 կոոպերատիվ: Ծրագրի  շրջանակում հիմնվել են չրի և խոտաբույսերի, ինչպես նաև բարձրարժեք պանրի արտադրության 6-ական արտադրամասեր: Առաջնային արտադրության կոոպերատիվներից 34-ը զբաղվում է բարձրարժեք հացահատիկային մշակաբույսերի (հնդկացորեն, ոսպ, սիսեռ, կտավատ և այլն), 4-ը՝ ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ (բրոկկոլի, ծնեբեկ, ֆիզալիս և այլն):

 

 

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում»  (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի շրջանակում և ՊԳԿ-ի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ ստեղծվել է Դոնորների համակարգման հարթակ` www.dcf.am:

 

 

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն /ՕԳԱՆ/ դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության /ԱԶԳ/ կողմից: Ծրագրի հատուկ նպատակներն են Հայաստանում օրգանական արտադրանքի հավելյալ արժևորումը և համապատասխան պետական և մասնավոր սեկտորի հաստատությունների արդյունավետության բարձրացումը, բաղադրիչները` իրավական դաշտի բարելավումը, ֆինանսական աջակցության տրամադրումը և մարքեթինգային գործունեության բարելավումը: Հատուկ ուշադրություն է  դարձվել նաև կոոպերատիվներին: 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ստեղծվել է երկու կոոպերատիվ: Ծրագրի շրջանակներում 4 կոոպերատիվ ստացել է գյուղատնտեսական օրգանական արտադրանքի մշակման համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, տնկարկներ և խորհրդատվություն` ագրոտեխնոլոգիաների և շուկաների վերաբերյալ: Ներկայումս բոլոր կոոպերատիվները դիմել են հողատարածքների օրգանական հավաստագրմանը:

 

Հայաստանում կոոպերատիվ շարժման խթանումը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթացի ապահովմանը` գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և գյուղական բնակավայրերի զարգացմանը:

 

Կոոպերացիայի գաղափարի արմատավորման փորձը վկայում է, որ կոոպերատիվները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, այնուամենայնիվ, լուծում են որոշակի խնդիրներ, ինչպիսիք են՝ գյուղմթերքի իրացման դժվարությունների հաղթահարումը, գյուղտեխնիկայի շահագործումը, վառելանյութերը, սերմերը, պարարտանյութերը և այլ ռեսուրսները ֆերմերի համար մատչելի դարձնելը:  

 

 

Իրավա-օրենսդրական դաշտ

 

սպառողական կոոպերատիվ («Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք»),

գյուղատնտեսական կոոպերատիվ («Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՕ-190-Ն ՀՀ  օրենք),

արտադրական կոոպերատիվ («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք»)

գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները (ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1187-Ն որոշում)

 

 Տեղեկատվական նյութեր

 

«Գյուղատնտեսական կոոպերատիվներ /«Միասին աշխատելու օգուտն ու հմայքը» գրքույկ` /ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի»Տեխնիկական օժանդակություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչի շրջանակում /

«Կոոպերատիվ մարկետինգ» ուսուցման ձեռնարկ

 

 ՀաՃախ տրվող հարցեր

 

 

 

 

 

 

 

 

 

Տպել